Հայաստանում ոչ մի պետական գերատեսչություն ուշադրություն չի դարձնում կեղծ ու փչացած ապրանքների վրա։ Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական  ծառայությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը։

Ավելի քան մեկ ամիս առաջ նա հայտարարել էր «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում կեղծ կոնֆետների առկայության մասին։ Նրա խոսքով՝ վաճառվել են ժամկետանց կոնֆետներ, որոշները նույնիսկ բորբոսնել էին։

«Ես նմուշները լաբորատորիա եմ տարել, եզրակացությունները ստացել եմ։ Դրանից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել եմ այդ մասին, սակայն նրանք ձայն չեն հանում։ Իսկ Սամվել Ալեքսանյանը (խոշոր գործարար ու պատգամավոր-խմբ) շարունակում է վաճառել ամեն ինչ։ Ես նրանց ասում եմ՝ դա քրեական գործ է, նա վերցրել է ռուսական կոնֆետների արկղերը, այնտեղ հասկանալի չէ՝ ինչ է լցրել եւ մարդկանց կողոպտում է։ Իսկ նրանց համար միեւնույն է»,- հայտարարեց Ալեքսանյանը։ 

Նրա խոսքով՝ մի քանի անգամ ինքը պետական ծառայություն է դիմել՝ որպես նրա խորհրդի անդամ, սակայն աննշան հերթապահ պատասխաններ է ստացել։