Շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարների Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք են հետազոտվել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձեւության տան տնօրեն Դիդիե Պարակյանին եւ նրա ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը բարձր գնահատեց եվրոպական երկրներում Հայաստանի եւ հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայ փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Պարակյանի նախաձեռնությունը եւ աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարներով Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք հետազոտվեցին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Դիդիե Պարակյանին հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալը, որը Հանրապետության նախագահը նրան շնորհել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:
«Մեծ հպարտություն է Սփյուռքում Ձեզ նման հայրենակից ունենալը: Դուք հաջողակ քաղաքական գործիչ եք, գործարար, լավ հայ, լավ զավակ, հայր եւ ամուսին: Վերջին տարիներին Դուք ակտիվացրել եք կապերը Հայրենիքի հետ, - նշեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով,- Ձեր հովանավորությամբ վերանորոգվում է նաեւ Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: Բարձր գնահատելով Ձեր գործունեությունը՝ Հանրապետության Նախագահը Ձեզ պարգեւատրել է «Մխիթար Գոշ» մեդալով»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայում հայազգի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կրկնակի ուրախ է մեդալը ստանալ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից: «Այս մեդալը նվիրում եմ իմ ընտանիքին, նախեւառաջ՝ մայրիկիս, կնոջս եւ քրոջս, ապա՝ հայրիկիս, զավակներիս եւ Սփյուռքի ողջ հայությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ եւ Ձեր նախարարությանը այն մեծածավալ աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերն առավել մերձեցնելու ուղղությամբ: Շուտով երեխաներս նույնպես կդառնան 14 տարեկան եւ հուսով եմ՝ նրանք էլ կմասնակցեն հիասքանչ «Արի տուն» ծրագրին», - ընդգծեց Դիդիե Պարակյանը:
Մարսելի փոխքաղաքապետը նշեց, որ Սփյուռքը ուժ է Հայրենիքի համար, որն իր էներգիան ստանում է միայն Հայաստանից: «Ամեն անգամ մենք գալիս ենք Հայաստան՝ նախեւառաջ մեր նախնիների հողից լիցքավորվելու, ուժ ստանալու համար, այստեղ հրաշագեղ հայերենը սովորելու եւ մեր զավակներին փոխանցելու համար»,- ասաց Դիդիե Պարակյանը:




























