Երեւանի փողոցները անվանափոխել սկսելուց առաջ անհրաժեշտ է այդ հարցի շուրջ հասարակության կարծիքն իմանալ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Լեռնիկ Ալեքսանյանը։

Դրա հետ մեկտեղ, Ալեքսանյանի կարծիքով, այդ հարցը հրատապ չի կարելի համարել։ «Ես կարծում եմ, որ երբ խոսքը ժողովրդի միաբանության մասին է, եւ երբ մենք ունենք լուրջ խնդիրներ, այդ հարցը կարելի է միայն հանրային քննարկման դնել, քանի որ դա պատմական, քաղաքական ու պետական հարց է։ Սակայն ի վերջո որոշում պետք է կայացնի ժողովուրդը»,- հստակեցրեց քաղաքական գործիչը։

Ալեքսանյանը նշեց, որ այդ հարցի լուծմանը պետք է նրբանկատորեն մոտենալ՝ վերլուծելով ու հաշվարկելով բոլոր նրբություններն ու հնարավոր հետեւանքները։

«Պետք է լրջորեն ուսումնասիրել արխիվները, վեր հանել նրանց գործունեության բոլոր դրական ու բացասական կողմերը։ Ամեն դեպքում, այդ անձինք նշանավոր գործիչներ էին՝ ինչպես տվյալ ժամանակաշրջանի, այնպես էլ այդ ժամանակ իրենց հայրենիքի համար։ Այդ ժամանակ նրանցով հպարտանում էին»,- ընդգծեց նա։