Ծնողները պետք է խրախուսեն, իսկ ուսուցիչները՝ օգնեն առաջին դասարանցիներին, քանի որ շատ կարեւոր է, որ երեխաները հոգեբանորեն պատրաստ լինեն դպրոց գնալուն։ Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Նրա խոսքով՝ հատկապես դժվար է այն երեխաների համար, որոնք պատրաստ չեն դպրոց գնալուն։

«Իսկ երեխաների համար, որոնք պատրաստ են ուսմանն ու դպրոցին, ամեն ինչ հակառակն է։ Նրանց հաճախ կարելի է տեսնել հենց դպրոցի հետ կապված խաղեր խաղալիս»,-նշեց հոգեբանը։

Դրա հետ մեկտեղ՝ Խուդոյանը կարծում է, որ երեխաների համար անցումային շրջանում, երբ նրանք մանկապարտեզից դպրոց են գնում, ուսուցիչների դերը շատ կարեւոր է։

«Ուսուցիչները պետք է երեխաներին ճիշտ վերաբերմունք ցույց տան, քանի որ նրանց համար դա շատ զգայուն ժամանակաշրջան է։ Երեխան առաջին անգամ սկսում է համակարգված սովորել։ Պակաս կարեւոր չէ առաջին տպավորությունը»,-հստակեցրեց հոգեբանը։

Փորձագետի կարծիքով՝ ծնողները պետք է հրաժարվեն ուսման ընթացքում երեխաների նկատմամբ կոշտ եւ անարդյունավետ ֆիզիկական բռնություն գործադրելուց։