Հայկական ԱԷԿ տանող երկաթուղու ճյուղի վերանորոգումը շուտով կավարտվի: Ինչպես NEWS.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, հիմա տեղամասում 30 մարդ է աշխատում, գործի է դրված անհրաժեշտ ամբողջ տեխնիկան: 14 կմ երկարությամբ ճյուղի 12 կմ-ն արդեն վերանորոգվել է:
Խոշորածավալ բեռների փոխադրումը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին:
«Չնայած մեզ ժամանակին չէին իրազեկել ապագա փոխադրման մասին, մենք աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսները հայթայթեցինք: Աշխատանքների ընթացքն ամեն օր վերահսկվում է»,- հայտարարեց Վալկոն:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացման աշխատանքները կատարվում են մինչեւ 270 մլն դոլար վարկային գծի եւ Ռուսաստանի կառավարությունից 30 մլն դոլար դրամաշնորհի շրջանակում: Կայանի ամենաերկար չգործելը՝ 4 ամիս, նախատեսված է 2018 թվականին: 2019 թվականին ԱԷԿ-ը կվերադառնա աշխատանքի նորմալ ռեժիմին:
Վերանորոգման արդյունքում էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը կերկարացվի: Մինչ այդ ծրագրվել է ավարտել նորի կառուցումը:




























