ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:
«Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաեւ հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում: Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է եւ ավելի է ամրապնդվելու»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նաեւ հույս է հայտնել` Հայաստանում ապագայում տեսնել նաեւ ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:
«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:



























