Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներն օգոստոսի 29-ին, պաշտոնական այցով գտնվել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, հանդիպել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի եւ քաղաքի ավագանու հետ։

Հանդիպման օրակարգում քննարկվել են քաղաքային հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աղբահանության, շինարարության եւ բարեկարգման, կրթության, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, տուրիզմի զարգացման սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության վերաբերյալ։

Մանրամասն քննարկվել են հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կապված ավտոբուսների քանակի, դրանց շահագործման եւ սպասարկման գրաֆիկի հետ։ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երեւանում տրանսպորտային բարեփոխումների նոր ծրագիրը եւ աշխատանքը WYG խորհրդատու կազմակերպության հետ։

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է նաեւ Ստեփանակերոտւմ շուրջօրյա ջրամատակակարման ապահովման (ծրագրի արժեքը շուրջ 10 մլրդ դրամ), նոր աղբավայրի ստեղծման, բազմաբնակարան շենքերի վերանորոգման, բակերի բարեկարգման, նոր ճանապարհների կառուցման, փողոցների լուսավորության, սոցիալական հատուկ խմբերին բնակարաններով ապահովելու եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության ապահովման ուղղությամբ արդեն իսկ իրականացրած եւ նախատեսվող աշխատանքները։

Առանձնահատուկ քննարկում է եղել կրթության ոլորտի վերաբերյալ՝ մասնավորապես նախակրթական խնդիրների, ներառական կրթության եւ դպրոցների՝ մարզակրթական գործառույթների լիարժեք կիրառման մասին։

Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, Կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ստեղծել համագործակցության դաշտ, սեփական փորձով եւ գիտելիքներով աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը։

Անդրադարձ կատարվեց քաղաքի կառավարման օրենսդրական եւ ավագանու դերի կարեւորման հարցերին։

Հանդիպման ավարտին «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ խմբակցությունը պատրաստակամ է նպաստել Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ արդյունավետ համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը։ Նա հույս է հայտնել, որ խմբակցության եւ Ստեփանակերտի ավագանու միջեւ գործնական հարաբերությունները կլինեն արդյունավետ եւ շարունակական։

Այցի ընթացքում «Ելք» խմբակցության անդամները Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանի ու Արմեն Հակոբյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի զոհված Ազատամարտիկներ թանգարան եւ Ստեփանակերտի Հուշահամալիր, ինչպես նաեւ ծանոթացել են Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում կառուցվող Ազատամարտիկների նոր այգու շինարակական եւ նախագծային աշխատանքներին։