Ստամբուլի հայ համայնքը պետք է համաձայնության գա Պոլսո հայոց պատրիարքարանի հետ եւ հաշվի նստի մի քանի տարի առաջ ընդունված եկեղեցական կանոնադրական փոփոխությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ, վերլուծաբան Արթուր Հակոբյանը՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության  շուրջ ի հայտ եկած հակասությանը: «Պատրիարք ընտրելու համար հայ համայնքը ստիպված է հաշվի նստել պատրիարքարանի կանոնադրության հետ, համաձայն  որի՝ նոր  պատրիարքի ընտրությունը նշանակվում է միայն գործող պատրիարքի մահվանից հետո, քանի որ նա ցմահ է ընտրվում: Հենց այս կետն էլ իրավացիորեն վկայակոչում է պատրիարքարանը՝ պատասխանելով իր դեմ հանդես եկողներն»,-նշեց վերլուծաբանը:

Հարցին, թե առկա իրավիճակում ո՞ր թեւը կհաղթի՝ պատրիարքարա՞նը, թե՞ նոր պատրիարքի ընտրություն պահանջող հասարակական շարժումը, Հակոբյանը պատասխանեց, թե հայ համայնքի ներսում հաղթանակների մասին խոսելը ոչ տեղին է, ոչ էլ նպատակահարմար: «Պետք է կողմերը գան ընդհանուր հայտարարի, քանի որ հայ համայնքում ծագած վեճը բասացական անդրադարձ է ունեցել թուրք հասարակության մեջ եւ մասնավորապես թուրքական մամուլում: Հայ համայնքի ներքին խնդիրներն ի ցույց են դրվում ամբողջ Թուրքիայով մեկ, ինչը մեր օգտին չի խոսում»:

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը պառակտում է մտցրել Թուրքիայի հայ համայնքի ներսում: Ստամբուլահայերի մի մասը, որը ներգրավված է «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» հասարակական նախաձեռնության  մեջ, դեմ է թուրքական կառավարության որոշմանը, որով Արամ Աթեշյանը նշանակվել է որպես Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի լիազորություններն իրացնող փոխպատրիարք: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ թուրքական կառավարության որոշումը հակասում է հայկական եկեղեցու կանոնակարգին, որում գոյություն չունի փոխպատրիարք հասկացությունը: Բացի այդ, ստամբուլահայերի խումբը պնդում է, որ այսպիսով խախտվում է պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Իրենց այդ իրավունքի վերականգնելու նպատակով  նախաձեռնությունը ստորագրահավաք է նախաձեռնել եւ հավաքել մոտ 5,5 հազար ստորագրություն: Նրանք նաեւ նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներկայացնելով իրենց պահանջը:

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը պատասխան քայլով է հանդես եկել: Պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, վկայակոչվում է եկեղեցական կանոնադրության այն կետը, համաձայն  որի՝ նոր պատրիարքի ընտրությունը կարող է տեղի ունենալ միայն գործող պատրիարքի վախճանվելուց հետո: