Այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը 200 հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։
Հարցին, թե ինչպե՞ս է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, եւ իրար փոխկապակցելը այդքան էլ ճիշտ չէ:
«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք անում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, եւ եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության եւ զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է եւ մյուս ցուցանիշներն են»,-ընդգծեց Կարայանը:
Անդրադառնալով կառավարության աշխատանքի արդյունավետությանը, նախարարը նշեց. ««Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»: Դիտարկմանը, թե այդ թվերը նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էլ էին հրապարակվում, Կարայանն արձագանքեց. «Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»:
Ըստ նրա՝ բնականաբար քաղաքացին իր մաշկի վրա դա զգում է, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, եւ կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որը բավականաչափ լուրջ աճ է: Այդ բոլոր տենդեցները չեն կարող չնկատվել եւ չեն կարող չազդել բնակչության վրա»:




























