Մանեկենների երկար ոտքերը, նրանց փոքր իրանը եւ կատարյալ կուրծքը կարող են գնորդներին վախեցնել, հատկապես այն սպառողներին, որոնց դուր չի գալիս սեփական մարմինը, փոխանցում է Planet-today-ը: 

Սա պարզվել է UBC Sauder School of Business-ի նոր հետազոտությամբ, որի համաձայն՝ սպառողները, որոնք ցածր ինքնագնահատական ունեն, մեծագույն հավանականությամբ բացասաբար են արձագանքում մանեկենի վրայի հագուստին, քան նրանք, որոնց ինքնագնահատականը բարձր է: Արդյունքը միատեսակ էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում:

«Երբ մանեկենը համարվում է կատարելության օրինակ, նա մարդկանց, որոնք խոցելի են, հիշեցնում է, որ իրենք կատարյալ չեն,- ասում է հետազոտության համահեղինակ, UBC-ի պրոֆեսոր Դարեն Դալը: - Խնդիրը գեղեցկության իդեալի մեջ է, որը ներկայացնում են մանեկենները: Երբ մարդիկ համարում են, որ իրենք այդ իդեալին չեն համապատասխանում, արտադրանքը գնելու նրանց ցանկությունը նվազում է»:

Հետազոտության մասնակիցների շրջանում հարցում է անցկացվել իրենց «արտաքինի գնահատման» մակարդակի վերաբերյալ: Նրանք այնուհետեւ գնահատել են հագուստը, ինչպիսին են մանեկենների վրայի լողազգեստները եւ զգեստները:

Երբ հետազոտողները հանել են մանեկենների մազերը կամ ամբողջությամբ հեռացրել են գլուխը, իրենց մարմնի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող սպառողներն ավելի շատ են հետաքրքրվել հագուստով՝ հավանաբար այն պատճառով, որ մանեկեններն այլեւս չեն արտացոլել գեղեցկության բարձր ստանդարտներ: