Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Այս մասին սեպտեմբերի 1-ին, Գյումրիում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները` Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:
Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում եւ ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:
Մարզի տնտեսավարող սուբյեկտների եւ օտարերկրյա ներդրողների կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում եւ փաթեթավորում: Գյումրիում եւ Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:
Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաեւ զբոսաշրջությունը՝ նկատի ունենալով, որ մարզը հարուստ է պատմամշակութային եւ հնագիտական հուշարձաններով: Այս առումով կարեւորվել է Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Հառիճի եւ Մարմաշենի վանական համալիրների, Երերույքի տաճարի դերը, որոնք հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկն իր ուրույն կենսաբազմազանությամբ էկոզբոսաշրջային կլաստերի կազմակերպման լավագույն տարածքն է:




























