Օգոստոսի 4-ի առավոտյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանական, էներգետիկ եւ հանքարդյունաբերության, անշարժ գույքի եւ մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաեւ առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։
Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական եւ բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ։
Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն եւ արժեքավոր ցուցանմուշներ։




























