Հարավկորեացի զույգը դատի է տվել Amazon ինտերնետ խանութին, որից արեւի խավարումը դիտելու համար հատուկ ակնոց էր գնել։ Չնայած անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ զույգը ցանցաթաղանթի այրվածք է ստացել, հայտնում է Reuters–ը։
Զույգն ակնոցը գնել էր օգոստոսի սկզբին։ Խավարման ժամանակ նրանք արեւին միայն ակնոցով են նայել, սակայն շուտով արեւային ռետինոպաթիային բնորոշ ախտանշաններ են նկատել, այդ թվում՝ մուգ կետեր աչքերի տակ, գույնի ընկալման փոփոխություններ, մշուշոտ տեսողություն։
Amazon–ը խավարումից քիչ առաջ չեղարկել էր մոդելների վաճառքը, որոնք անհրաժեշտ պաշտպանություն չէին ապահովում։ Նրանք, ովքեր արդեն գնել էին ակնոցը, նամակներ են ստացել, որ ակնոցը կարող է վնասել տեսողությունը։ Սակայն հարավկորեացի զույգը պնդում է, որ նման նամակ չի ստացել։
Ցանցաթաղանթի այրվածքը հատուկ բուժում չունի։ Մեծամասամբ ախտանշաններն իրենք են վերանում տարվա ընթացքում, բայց երբեմն էլ վնասվածքներն անդառնալի են։ Հիմա իրավաբանները փնտրում են տուժած այլ քաղաքացիների։




























