2013թ. Հայաստանը ԵՏՄ-ին միանալով զիջեց ինքնիշխանությունը, արտաքին քաղաքականություն  իրականացնելու մենաշնորհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Պատգամավորի խոսքով ԵՏՄ-ին միանալը եւ տնտեսական, եւ անվտանգության առումով նույնպես Հայաստանին ոչինչ չտվեց. «Խոստացվում էր, որ անվտանգության հետ կապված որոշ խնդիրներ պետք է լուծենք, բայց տեսնում ենք, որ մինչ այսօր Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ընդ որում հարձակվողական զենք, որը նույն ապրիլյան պատերազմի ընթացքում կիրառվեց մեր դեմ, կորցրեցինք տարածքներ»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովի խոսքով էլ, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը բազմաթիվ դրական կողմեր ունի, որոնք պետք է տեսնել. Հայաստանը միացել է 150 միլիոնանոց մեծ տնտեսական շուկային, որի արդյունքում Հայաստանում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է:

«Արտահանման, արեւտրաշրջանառության, ներդրումների ծավալի, գազի գնի իջեցման, նորանոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններն աճել են: Եթե  ԵՏՄ չմտնեինք, ապա Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ կորուստներ կունենար, քանի որ օբյեկտիվորեն Հայաստանը շատ լուրջ կապված է ռուսական, ԵՏՄ տնտեսությունների հետ: Հայկական ապրանքները մեծ սպառում ունեն ոչ թե եվրոպական շուկաներում, այլ ԵՏՄ՝ սկսած կոնյակից, վերջացրած գյուղատնտեսական ապրանքներից»,-ասաց նա:

Նշենք, որ 4 տարի առաջ 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը որոշեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա նաեւ ԵՏՄ-ին: Մինչ այդ Հայաստանը շուրջ 3 տարի բանակցել էր Եվրամիության հետ՝ ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ, սակայն ՀՀ իշխանությունների անսպասելի որոշումը անհնար դարձրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: