ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվակնից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջեւ ենթակառուցվածքների, գործարարության եւ ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ եւ փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի եւ բազմակողմ զարգացման բանկերի ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին եւ «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:
Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտեւի մեկ շաբաթ եւ հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա եւ ապագա «խելացի քաղաք» նախագծերին:
Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր եւ գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու եւ լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է:




























