Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի եւ Զարուհի Մուրադյանի միջեւ։
Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ «Prօwine China»-ն այս ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների ու մեծածախ գնորդների այցելություն։
«Prօwine China 2017»-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում է գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։
Գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ՀԶՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդերլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա եւ այլ երկրներ։ Իսկ անցած տարի ՀԽԳՀ աջակցությամբ միջազգային հեղինակավոր «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե եւ 13 արծաթե մեդալի եւ արտահանման նոր շուկաներ գտել:
«Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային ցուցահանդեսներում հայկական արտադրանքի առաջմղման արդյունավետ փորձ ունի։ Յուրաքանչյուր էքսպոյից մեր պատվիրակություններն արտահանման պատվերներով են վերադառնում։ «Prօwine China»-ից բացի, իմ թիմը պատրաստ է հետագայում նույնպես իր փորձը ներդրնել՝ գործընկեր հիմնադրամների հետ տեղական արտադրանքը միջազգային գնորդներին ու մատակարարներին լավագույնս ներկայացնելու համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն իր գործունեության կարճ ընթացքում արդեն հասցրել է տարբեր միջազգային ցուցահանդեսների միջոցով նշանակալի արդյունքների հասնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում բարձրացնելու գործում: Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի զարգացման եւ արտահանման խթանման համար»,-նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։




























