2017 թվականի սկզբից Հայաստանում պետական մրցույթներին մասնակցության հայտերն ավելացել են 10-15 տոկոսով։ Այս մասին սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը՝  ներկայացնելով ԱՊՀ տարածքում պետական գնումների առանձնահատկությունների եւ ընթացակարգերի մասին արձանագրությունը։

Նրա խոսքով՝ ընկերությունները, նաեւ փոքր ու միջին, ավելի ակտիվ են դարձել ԱՊՀ տարածքում պետական գնումների առանձնահատկությունների եւ ընթացակարգերի մասին արձանագրության նոր խմբագրության շնորհիվ։ «Գնումների մասին» արձանագրությունն ընդունվել է տարեսկզբին եւ մրցակիցների համար հավասար պայմաններ է ապահովում։

Նշենք, որ Հայաստանում պետական գնումների ընդհանուր ծավալը վերջին տարիներին շուրջ 90 մլրդ դրամ է կազմում։ 2017 թվականին նախատեսված են 87 մլրդ դրամի (շուրջ 180 մլն դոլար) գնումներ։ Այստեղ ներառված չեն առանց մրցույթի գնված կոմունալ ծառայություններն ու հատուկ նշանակության մրցույթները։