Հայաստանի կառավարության գործունեության մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ դժվարանում է գնահատել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀՀ կառավարությունը եւ իշխանությունը։
«Պատասխան տալը շատ դժվար է, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա նրանց գործողություններում, եւ երկար տարիներ է, որ այդպես է։ Ավելի շուտ իրավիճակային լուծումներ ենք միշտ գտնում, եթե նույնիսկ ռազմավարական ծրագրեր էլ կան, ապա դրանք միշտ ուշադրությունից դուրս են մնում եւ ավելի կարեւորվում են իրավիճակային լուծումները», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վահագն Խաչատրյանի խոսքով, վերջին մի քանի ամիսներին ևս անտրամաբանական գործողություններ է նկատել օրինակ՝ աղբահանության, վճարովի ավտոկայանատեղիների, սննդի տեսչության ոլորտներում. «Կառավարությունն ինչ-որ գաղափարներ է վերցնում, փորձում է այդ գաղափարները ընդհանուր տրամաբանությունից կտրված իրականացնել: Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքացու գրպանը դատարկելու մեծ ցանկություն կա»:




























