Եթե ուզում ես երկրում ներդրումային վիճակը լավացնել, նախեւառաջ, վարվող տնտեսական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի այդ դաշտի բարելավմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյան:

Նրա խոսքով, ներդրումների համար երկրում պետք է ցածր հարկեր լինեն, մնացածի մասին մոռանալ է պետք. «Արդյոք ՀՀ-ում ցածր հարկային դաշտ կա, միանշանակ՝ ո՛չ։ Ցածր հարկային դաշտի բացակայության հետ մեկտեղ իշխանությունները նորից հարկային բեռն ավելացնում են»:

Տնտեսագետն ընդգծեց, որ եւ՛ ավտոկայանատեղերի կարմիր գծերը, եւ՛ աղբահանությունը, եւ՛ սննդային անվտանգության նորմերի պաշտպանությունը լրացուցիչ հարկեր են ներդրողների համար։

«Ներդրումների խոստումները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում  բացվել է 189 աշխատատեղ: Օրինակ՝  հունվարին բացվել է 14 աշխատատեղ, մարտին՝ 49, ապրիլին՝  40, հունիսին՝ 30, հուլիսին՝ 9:    Իհարկե պաշտոնապես հայտարարվում է, որ ստեղծվել է  2500 աշխատատեղ, բայց կցանկանայի տեսնել, թե որ բնագավառում է  այդքան աշխատատեղ ստեղծվել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին` տնտեսագետն ասաց, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք կարող են տնտեսական աճ ապահովել: Մասնավորապես, համաշխարհային տնտեսությունում ստեղծված բարենպաստ պայմանները, ՌԴ-ի տնտեսական աճը, տրանսֆերտների աճը` 17 տոկոսով: Նրա ներկայացմամբ, եղանակային պայմանները ևս ազդեցություն ունեն տնտեսական աճի վրա. «Շոգի կամ ցրտի հետևանքով շատ էլեկտրաէներգիա է սպառվում: Այս տարվա հունվար-հունիսին բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10, 3%-ով, արդյունաբերությունում՝  4,7%-ով: Այսինքն՝  տաքանալու կամ  հովանալու համար օգտագործվող էներգիայի ծավալները դրական ազդեցություն են ունենում տնտեսական աճի վրա»:

Վահագն Խաչատրյանը նաև կոռեկտ չի համարում պաշտոնյաների հայտարարությունները, թե մարդիկ իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը.

«Տնտեսական աճի ազդեցությունը, եթե ինչ-որ տեղ կա, ապա այն մարդիկ են զգում, ովքեր միշտ օգտվում են ստեղծված իրավիճակից: Ես կարծում եմ, որ 3,5 տոկոս աճը կապահովվի, սակայն քաղաքացիների վրա ազդեցություն չի ունենա, քանի որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ եթե չկա այդ փոփոխությունը, ապա եթե նույնիսկ տնտեսական աճ լինի, այն ազդեցություն չի ունենա տնտեսական բարեկեցության վրա: Եթե եկամուտները չեն ավելանում, աշխատատեղեր չեն բացվում, ապա մարդիկ ինչպես պետք է զգան տնտեսական աճի ազդեցությունը: Եթե ինչ-որ տեղ կա, ապա այն մարդիկ են զգում, որոնք միշտ օգտվում են ցանկացած իրավիճակից:  Այսինքն՝ մարդկանց  5-10 տոկոսը, որոնք տիրապետում են Հայաստանի ազգային եկամտի մոտ 60-70 տոկոսին»: