2018 թվականին Գյուղատնտեսության նախարարությունն ուզում է ընդլայնել վերամշակող ընկերությունների արտոնյալ վարկերը։ Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ այս տարի ծրագիրը գործում է պիլոտային ռեժիմով, մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 20 ընկերություն։
Վարկերն ընկերություններին տրամադրվում են 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որպեսզի բարձր տոկոսներ չգանձվեն, քանի դեռ ապրանքը չի արտադրվել եւ չի վաճառվել, իսկ գյուղացիներն էլ ստիպված չլինեն սպասել վճարումներին։ Ուստի սուբսիդիաները կարելի է ստանալ միայն գյուղացիներին վճարելու համար նախատեսված վարկերի համար, իսկ գումարը կվճարվի անմիջապես նրանց։
Այդ վարկերով տոկոսների սուբսիդավորման համար կհատկացվի 70 մլն դրամ, որոնք տնտեսվել են նախարարության այլ ծախսերի հաշվին։ Դրա շնորհիվ կհաջողվի սուբսիդավորել 2.4 մլրդ դրամի վարկ։ «Այս տարի բոլորի համար միջոցները չեն բավարարի, ծրագիրը իրականացվում է փորձնական ռեժիմով։ Բայց 2018–ին ուզում ենք այն գործարկել արդեն մեծամասշտաբ»,– նշել է Առաքելյանը։




























