Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»  մրցանակին է արժանացել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն իր «Ջրի կերպար» (The Shape of Water) ֆիլմի համար, հայտնում է AP-ը:

Ելույթ ունենալով մրցանակաբաշխության ժամանակ՝ ռեժիսորը հույս է հայտնել, որ հաղթանակը կոգեշնչի երիտասարդ ռեժիսորներին հավատալ նրան, ինչին նրանք հավատում են: «Իմ դեպքում դրանք հրեշներն են»,- կատակել է 52-ամյա ռեժիսորը:

Ամերիկացի դերասանուհի Անետ Բենինգի նախագահությամբ ժյուրին ընտրել է 21 ֆիլմերից լավագույնը: Դել Տորոյի ֆիլմի հետ մրցում էին նաեւ Ջորջ Քլունիի «Մշտաբնակը» եւ Ալեքսանդր Փեյնի «Փոքրացումը»:

Երկրորդ տեղում է իսրայելցի ռեժիսոր Սամուել Մաոսի «Ֆոքսթրոթ» ֆիլմը:

Կսավիե Լեգրանը լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Պահապան» ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քամել Էլ Բաշան, որը լիբանանցի ռեժիսոր Զիադ Դուերիի «Վիրավորանք» ֆիլմում գլխավոր դերն էր խաղացել: Բրիտանուհի Շարլոթա Ռեմփլինգը Անդրեա Պալլաորոյի «Հաննա» ֆիլմում դերակատարման համար արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին: