Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների եւ շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:

Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է այս ուղղության կարեւորությունը ոլորտի զարգացման համար: 

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես,  հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաեւ սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական  տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլեւ դրական  ազդեցություն է ունենում  մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան  եւ լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:

Իգնատի Առաքելյանը նաեւ հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը եւ հայկական որակյալ օրգանական արտադրանքն  այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:

Շեշտելով, որ ՕԳԱՆ ծրագիրը մշտապես գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս ճյուղի հետագա զարգացմանը:

Միջոցառման ընթացքում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսել է բոլորին տեղեկացված լինել թարմացվող իրադարձությունների մասին, ինչը կօգնի ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ պարզել, թե որտեղ կարող են ձեռք բերել օրգանական արտադրանք:

Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիությունը կարեւորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս՝ նշելով  բազմաթիվ պատճառներ, այդ թվում` սպառողների առողջությունը, բնապահպանական հետեւանքները եւ արտադրողների ֆինանսական կայունությունը: «ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաեւ առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ», - նշել է Եվրամիության դեսպանը:

«Ավստրիայում կուտակված հսկայական փորձը նպատակ ունի զարգացնել Հայաստանում օրգանական հատվածը, որը, չնայած վերջին տարիների օրգանական շարժման նախաձեռնողների ջանքերին, դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Նախագիծը երկրում ամենախոշորներից մեկն է, որն ուղղված է օրգանական հատվածի կայուն զարգացմանը: Այս համապարփակ նախաձեռնությունը ներառում է անհրաժեշտ օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխություններ, ֆերմերների եւ արտադրողների ուղղակի աջակցություն դրամաշնորհային սխեմաների միջոցով, ընդլայնված մարքեթինգային աջակցություն՝ միջազգային եւ ներքին շուկաներում հայկական օրգանական արտադրանքը պատշաճ ներկայացնելու համար», - նշել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:

««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ վիկտորինաներ www.dasaran.am կայքում:  Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների եւ վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Բացի այդ, հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Մասնակիցները պատասխանել են նաեւ լրագրողներին հարցերին: Միջոցառումը եզրափակվել է օրգանական սուրճի հյուրասիրությամբ: