ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեփական որոշում կայացնելու համար բոլոր իրավունքներն ունի։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Նաիրի Սահակյանի ցանկությանը (վերջինս ցանկություն էր հայտնել, որ Սերժ Սարգսյանը մինչեւ կյանքի վերջ ղեկավարի երկիրը)։

Նրա խոսքով՝ Հանրապետության նախագահը՝ որպես ՀՀԿ ղեկավար, սեփական որոշումը կայացնելու իրավունք ունի։

«Եվ երբ մենք՝ որպես իշխող կուսակցություն, հիմնվելով ընտրական շրջանում գրանցված արդյունքների վրա, որոշում կայացնենք, բնականաբար, այդ մասին կհայտարարենք։ Այժմ, որքան էլ հասարակության ուշադրությունը սեւեռվի այդ հարցին, նման որոշում գոյություն չունի»,-ասաց Ֆարմանյանը։

Իսկ հարցին, թե հաջորդ տարվա ապրիլին ո՞վ կլինի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը, թե՞ Կարեն Կարապետյանը, պատգամավորը պատասխանեց․ «Հանրապետության նախագահը՝ իր անցած ճանապարհով, իր ընդունակություններով եւ մեր երկրին մատուցած ծառայություններով, որոշում կայացնելու համար բոլոր իրավունքները վաստակել է»։