Հայաստանում բիզնեսին կսկսեն վերադարձնել մինչեւ 6 ամիս չօգտագործված ԱԱՀ դեբետը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ Ազգային ժողովում ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս, հայտարարեց Կառավարությանն առընթեր ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Ընդունվելու պարագայում օրենքը հետին թվով ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի 1-ից։
Պաշտոնյայի խոսքով՝ այդ միջոցառումը շատ օգտակար կլինի այն բիզնեսի համար, որը մատակարարներից մեծ ծավալի ապրանք է գնել, սակայն դրանից դեռ եկամուտ չի ստացել։ Օրինակ՝ եթե նա արտադրության համար սարքավորումներ եւ հումք է գնել, բայց դեռ չի հասցրել սկսել այն։ Կամ էլ երբ շինություն է կառուցում, որտեղ գտնվող անշարժ գույքը դեռ չի վաճառել։ Այդ դեպքում նրա հաշվին շատ գնումներ եւ ԱԱՀ–ի դեբետ կա։ Բայց նա չի կարող դեռ օգտագործել այդ դեբետը, քանի որ չկա ԱԱՀ–ի վաճառքն ու վարկը, որից այդ դեբետը կարող է հանվել։ «Այդ խնդիրը մենք կլուծենք հօգուտ բիզնեսի»,-նշեց Միրումյանը։




























