Մի սարսափելի նորություն ունեմ հաղորդելու. օրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, Մշակույթի նախարարության կողմից փակվել է Հովհաննես Թումանյանի տոն-թանգարանի կողմից բացմած մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը եւ նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր խոսքում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ բոլշեւիկյան բռնաճնշումների տարիներին շուրջ 45 հազար հայ մարդ է ձերբակալվել, այդ թվում Չարենցը, Թոթովենցը, Բակունցը, Թումանյանի որդիները. նրանցից մոտ 7 հազարը գնդակահարվել է:
«Սա ուղղակի գրաքննություն է, մշակութային ոստիկանության գործառտույթների ստանձնում է, որը բացարձակապես ընդունելի չէ: Ուշագրավ է, որ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է, որ ցուցահանդեսը «մի փոքր քաղաքականացված էր»: Ինչպես կարող է քաղաքականացված չլինել բոլշեւիկյան բռնաճնշումներին վերաբերող ցուցադրությունը: Եվ այս ամենը տեղի է ունենում ՀՀԿ-ի օրոք, մի կուսակցություն, որի հիմնադրումն իսկ խարսխված է անկախության ու Նժդեհի գաղափարախոսության վրա:
Այսպես ենք անում, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը կարողանում է իրեն թույլ տալ թշնամական անվանել Երեւանում փողոցների վերանվանման նախաձեռնությունը»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:




























