Հայաստանի ԱԺ-ում «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, այդ հանձնաժողովը կտա եզրակացություն ԵՏՄ-ի անդամակցության դրական ու բացասական կողմերի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, իրենք քայլ առ քայլ հիմնավոր ներկայացնելու են Հայաստանի հետընթացը՝ սկսած 2013 թվականից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին:
«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով: Տնտեսության ոլորտում խոստացված բոլոր ծրագրերը չեն իրագործվել: Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դարձել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, գործազրկությունն աճել է, Հայաստանի միջազգային մեկուսացումն աճել է, դրան գումարվգել է ԵՏՄ-ից ՀՀ ներմուծվող այն քաղաքական ավանդույթները, որոնք մենք կոչում ենք ավտորիտար»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է դուրս բերել զարգացման ուղի, իսկ դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ կաշկանդված չի լինի որեւէ համաձայնագրով, որը թույլ չի տալիս ազատորեն իր գործընկերների հետ համաձայնագրեր կնքել:
«Մենք ուզում ենք ունենալ մի պետություն, որը կունենա զարգացած ռազմարդյունաբերություն, որտեղ ոչ թե ներմուծվում, այլ արտադրվում է այն ռազմամթերքը, որն անհրաժեշտ է մեր անվտանգությունն ապահովելու համար: Բոլոր ուղղություններով Հայաստանը ռեգրես է ապրում, այդ թվում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների մասով»,-ընդգծեց նա:




























