Անտեղի որակումներով համեմված դեկլարատիվ արտահայտությունները կամ արհեստական պայմանավորվածությունները որեւէ դրական արդյունք չեն կարող ունենալ, հատկապես այս` փաստաբանության համար իրոք ճգնաժամային պահին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին:
«Միշտ պատրաստ եմ եղել ողջունել ցանկացած դրական քայլ, կամա թե ակամա գործած սխալների շտկմանն ուղղված գործողություն։ Համոզված եմ, որ անտեղի որակումներով համեմված դեկլարատիվ արտահայտությունները կամ արհեստական պայմանավորվածությունները որեւէ դրական արդյունք չեն կարող ունենալ, հատկապես այս` փաստաբանության համար իրոք ճգնաժամային պահին։ Խոսքերն ուժ ունեն, երբ վավերացված են գործողություններով, ուստի կարիք չունենալով ամպագոռգոռ բառեր ասելու, կրկնեմ, որ այսուհետ եւս իրավիճակը շտկելուն, գործած սխալներն ուղղելուն միտված ցանկացած քայլ ողջունելի է լինելու, միաժամանակ ցանկացած կործանարար գործողություն` դատապարտելի։ Ցանկացած ոլորտում առողջ տարակարծությունը առաջընթաց է, իսկ արհեստական միակարծությունը` մահ»,-գրել է Վարոսյանը:
Արա Զոհրաբյանի կոչին արձագանքելն է նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը նշելով հետեւյալը.
«Թեեւ Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանն իր կոչի մեջ օգտագործել էր «ընդդիմախոս» եւ «վիրավորված» բառերը, այդուհանդերձ պետք է նշեմ, որ ես ընդդիմախոս չեմ, ոչ էլ, առավել եւս, վիրավորված. քա՛վ լիցի: Հանձինս պալատի նախագահի ու խորհրդի՝ ես դժգոհել եմ նրանց որոշակի գործունեությունից եւ այդ մասին հայտնել եմ հրապարակավ: Կարծում եմ՝ իմ (նաեւ իմ բազմաթիվ գործընկերների) հնչեցրած քննադատությունները եղել են տեղին ու կառուցողական, որոնք անհրաժեշտ են Փաստաբանների պալատի պարոն նախագահին: Դրանց (քննադատությունների) բացակայությունը կվկայի մեկ փաստ՝ առանց այլընտրանքի ու միահեծան մարմնի առկայություն, ինչը կհանգեցնի փաստաբանական համայնքի կործանման:
Ես հարաբերություններ պարզելու խնդիր կամ ցանկություն չունեմ, սակայն պարոն Ա. Զոհրաբյանին առաջարկ ունեմ. հարգելի՛ պարոն Զոհրաբյան, առաջարկում եմ հետ կանչել Ձեր ստորագրությունը օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունից»:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել համերաշխության կոչով՝ ուղղված իր ընդդիմախոս փաստաբաններին:




























