Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Միավորումը մասնավորապես, նշում է.

«Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առեւտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է:

Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերների տասնյակն ունի հետեւյալ տեսքը՝

Ռուսաստան – 28.2%

Չինաստան – 11.2%

Թուրքիա – 5,5%

Գերմանիա – 4,7%

Իրան – 4,4%

Իտալիա – 4,1%

Կանադա – 3,1%

Ուկրաինա – 2,9%

Վրաստան – 2,6%

ԱՄՆ – 2,6%

Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում: Ընդ որում, Վրաստանի վարած կրթական քաղաքականության արդյունքում երիտասարդությունն ավելի ու ավելի շատ տիրապետում է անգլերենի եւ արդեն ոչ շատ տարիներ անց Վրաստանի հետ գործնական հարաբերություններ հնարավորություն կլինի վարել առավելապես անգլերենով:

Ուկրաինայում, թեեւ բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը:

Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որեւէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, կամ անգլերենով:

Հարկ է նշել նաեւ, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առեւտրային կապեր չունի:

Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առեւտրային հարաբերություններ գրեթե չունի:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ:

Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից:

Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան:

Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, եւ այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից»: