ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու «Ելք»–ի նախագիծը ի սկզբանե անկենսունակ նախաձեռնություն է։ Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ չի կարելի կյանքի կոչել եւ հետեւաբար դրանք ոչ մի իմաստ չունեն։

«Լավ ենթադրենք մենք ԵՏՄ–ից դուրս եկանք։ Հիանալի է։ Իսկ ու՞ր ենք մտնելու։ Եվրամիությու՞ն։ Հաճույքով… Բայց պրագմատիկ մոտեցում կա. Վիեննան ու Փարիզը մեզ սպասու՞մ են, թույլ կտա՞ն»,– հարցադրում արեց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը չունի այն արտադրանքը, որը կարող էր գոնե ինչ–որ չափով մրցակցել եվրոպական շուկայի արտադրանքի հետ։

Ընդ որում, նա նշեց, որ Թուրքիայի  նման երկիրը, որտեղ 80 մլն մարդ է ապրում, եւ որն ավելի խոշոր իրացման շուկա ունի, քան Հայաստանը, չի կարողանում դուրս գալ եվրոպական շուկա։