Չինաստանի իշխանություններն անվտանգության խնդիրների պատճառով փակել են Չանբայշան ազգային արգելոցի մի մասը այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ էր իրականացրել՝ պայթեցնելով 250 կիլոտոննա հզորությամբ ռումբ, հայտնում է UPI–ն։

Տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումներից հետո աճում են ռադիոակտիվ աղտոտման մտավախությունները։ Զբոսայգու փակ մասում է գտնվում հյուսիսկորեական Պունգերի ռազմաբազայի 112 կմ–ը, որտեղ իրականացրել են փորձարկումները։ Արգելոցի մի մասը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պոտենցիալ ռիսկերը չեն վերացել։

Վտանգ են ներկայացնում նաեւ Պեկտուսան քնած հրաբխից թափվող քարերը։ Հրաբուխը Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի սահմանին է գտնվում, իսկ ռումբի պայթյունը հզոր երկրաշարժ էր առաջացրել։ Այգու հյուսիսային եւ արեւմտյան հատվածները բաց են մնում։