Իռլանդիան հաջորդ տարի մտադիր է հանրաքվե անցկացնել այն հարցի շուրջ՝ արդյոք արժե չեղարկել աբորտի սահմանադրական արգելքը, հայտնում է AP-ը։

Ավելի վաղ երկրի վարչապետ Լեո Վարդկարը «չափից սահմանափակող» էր անվանել սահմանադրության ութերորդ ուղղումը, որն արգելում է աբորտները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում։ Նրա կառավարությունը համաձայնել է հանրաքվե անցկացնել այս հարցի շուրջ 2018-ի մայիսին կամ հունիսին։

Իռլանդիայում աբորտները միշտ էլ ապօրինի են համարվել, սակայն սահմանադրական ուղղումն ընդունվել է 1983-ի հանրաքվեից հետո, որի ընթացքում 67 տոկոսը կողմ է քվեարկել այդ արգելքին, իսկ 33 տոկոսը՝ դեմ։

Ապօրինի աբորտի համար Իռալդիայում կանանց կարող է սպառնալ 14 տարվա ազատազրկում։ Այդուհանդերձ, կանայք կարող են աբորտ անել արտասահմանում։ Հենց այդպես է վարվում իռլանդուհիների մեծ մասը, աբորտ անելով Անգլիայում։