Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի բակում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, բացվել է Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այս տարվա մարտի 28-ին հակառակորդի գնդակից զոհված հրազդանցի զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանին նվիրված խաչքար: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, խաչքարը տեղադրվել է այն դպրոցի բակում, որտեղ հաճախել է Արտակը: Խաչքարի բացումը կատարեցին դպրոցի շրջանավարտ, ազատամարտիկ Մհեր Հարությունյանը, Արտակի եղբոր՝ Ժորա Ռաֆայելյանի հետ միասին, որից հետո Հրազդանի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Համազասպի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օծումը:
Խաչքարի բացումը ուղեկցվել է դպրոցի կողմից կազմակերպված միջոցառմամբ, որին ներկա են եղել քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոս, հրազդանցի Սարգսի մայրը:
Հավելենք, որ վերջերս Հայաստանի «Դուքենդո» ֆեդերացիայի կողմից Արտակ Ռաֆայելյանի եղբայրը ստացել է սեւ գոտի առաջին դան:
«Ախպերս չհասցրես տեսնել իր սեւ գոտին, այն մենք ստացանք: Այսօր էս խաչքարի տեղադրումը մի փոքր սրտի հովանք է, մենք մեր պարտքն ենք տալիս եւ իմ եղբորը, եւ մյուս հերոսներին»,-նշեց Արտակի եղբայրը՝ Ժորան:
Ի դեպ, Արտակ Ռաֆայելյանը մեկ եղբայր ուներ, ով պիտի մեկներ ծառայության, սակայն հայտնի է դարձել, որ ՊՆ-ն նրան ազատել է ծառայությունից եւ տրամադրել զինգրքույկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է Արտակ Ռաֆայելյանը: Արտակ Ռաֆայելյանը Գինեսի ռեկորդակիր էր:


































