Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրան ցուցադրել են կենտրոնի սաների եւ ուսուցիչների ստեղծած հակակոռուպցիոն խաղը։

Դոդոնը կենտրոնի աշակերտների հետ խաղ է խաղացել եւ հասցրել է մի «կաշառակերի բռնել»։

Նախագահը շրջել է կենտրոնով, ծանոթացել ծրագրերի եւ նախագծերի հետ։ Նրան հետաքրքրել են այդ կենտրոնի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը։

Լրագրողների հետ զրույցում «Թումոյի» փոխտնօրեն Արամ Գյումիշյանն ասաց, որ «Նետտոյի արկածները» խաղը ստեղծել են ԵՄ ֆինանսավորմամբ, եւ դրա վրա աշխատել է 12 մարդ՝ 4 դասախոս, 8 աշակերտ՝ 12-18 տարեկան։ Դրա պաշտոնական շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 8-ին՝ Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը։

Այդ խաղը, նրա խոսքով, յուրահատուկ կրթական հարթակ է։ Ուսանողները սովորել են ստեղծել խաղեր եւ միաժամանակ դրանց միջոցով ուսումնասիրել կոռուպցիա երեւույթը։

«Ուսումնասիրելով այդ երեւույթը խաղի միջոցով՝ երիտասարդությունը ավելի լավ կհասկանա դրա հետեւանքներն ու կդադարի կաշառակերությունն իրենց կյանքի նորմա համարել»,- ասել է նա։

Փոխտնօրենը նաեւ հավելեց, որ խաղի ստեղծման ընթացքում իրենք բացահայտել են, որ երեխաներն ու դեռահասները այլ կերպ են ընկալում կոռուպցիան։ Երեխաներն ընկալում են կոռուպցիայի հետեւանքները, իսկ մեծերը հասկանում են դրա պատճառները։

Նրա խոսքով՝ այդ խաղը կօգնի ավելի գրագետ եւ պատասխանատու սերունդ դաստիարակել։ «Քաղաքացու գրագիտությունը կաշառակերության դեմ պայքարի 50 տոկոսն է»,- ասել է նա։

Լուսանկարները՝ «Թումո» կենտրոնի ֆեյսբուքյան էջից