Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը հայ-ռուսական ռազմական ընդհանուր համագործակցության համատեքստում է եւ նույն գործընթացի տրամաբանական շարունակությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Դրա մեջ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Կարծում եմ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանային լարվածության ֆոնին սա որոշակի սթափեցուցիչ ազդեցություն կունենա, բայց մյուս կողմից էլ փաստն էապես ավելացնում է Ռուսաստանի մասնաբաժինը տարածաշրջանում ընդհանրապես եւ Հայաստանում՝ մասնավորապես»,- նշեց փորձագետը։

Հարցին, թե ի՞նչ մեսիջ է ուղարկվում ՀՀ պետական մարմինների կողմից արված հայտարարությամբ, թե Հայաստանում C 300 տիպի հակահրթիռային համակարգեր կան, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «Պաշտպանության նախարարի այս հայտարարությունը առանձնապես մեծ գաղտնիք չի բացահայտել։ Հայաստանն ուղղակի առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց դրա մասին։ Այս հայտարարությունն իր մեջ, սակայն, մեսիջներ իսկապես պարունակում է։ Եթե Ադրբեջանը փորձի հարձակողական գործողություններ ձեռնարկել, ապա նրա օդային բաղկացուցիչը կարող է լուրջ վնասներ կրել այդ նպատակներին ծառայող C 300 տիպի համակարգերից»,- ամփոփեց փորձագետը։

Նշենք, որ  Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որն ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը եւ համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: