Գայանե Մահրեջյանն այն եզակի կանանցից է, որն աշխատում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մետրոյի շինարարությունում: Երեւանում ծնված, սակայն, Բեյրութում մեծացած Գայանեն NEWS.am-ին տված հարցազրույցում հիշում է իր լիբանանյան երիտասարդության, տարբեր երկրներում աշխատանքի եւ փորձի մասին:
Հայրս մեկնեց Բեյրութ, մենք մնացինք, պատերազմ էր
Ծնողներս հանդիպել են, երբ հայրս Բեյրութից եկել էր Երեւան սովորելու: Երեւանում: Սիրահարվել են, ամուսնացել, համալսարանն ավարտելուց հետո հայրս այստեղ աշխատանք չէր կարողանում գտնել, երեք տարի անց ստիպված էր Բեյրութ վերադառնալ: Մենք էլ պիտի գնայինք, բայց պատերազմը սկսվեց, միայն հորս գնալուց երկու տարի անց մենք կարողացանք Բեյրութ մեկնել: Երբ գնացինք, ես արդեն 6 տարեկան էր, պատերազմ էր… երբ պատերազմն ավարտվեց, ես ընդունվեցի համալսարան ինժեներության բաժինը, ինչը նշանակում էր՝ ընտանիքս ամեն զոհողության պետք է գնար իմ ուսման համար:
Գրասենյակում պիտի աշխատեի, բայց իմ կյանքն այլ ընթացք ստացավ
Այնտեղ, ուր ես էի աշխատում, տնօրենս մի քանի շենք ուներ, ես էլ շինարարության վրա էի աշխատում. Ես 23-24 տարեկան աղջիկ, մնացածը տղամարդիկ՝ աշխարհի տարբեր կողմերից եկած: Պատկերացրեք՝ 50-60 տղամարդու հետ ամեն օր ճաշում էի: Եկավ մի օր, որ զզվեցի այս ամենից: 1995 թվականին Բեյրութում որոշեցին քաղաքում մեծ թափով շինարարություն սկսել՝ փորձելով նորացնել քաղաքը: Մեզ հետ դա կարծես թե կապ չուներ, որովհետեւ մենք հայերի հետ էինք շփվում, հայերեն էինք խոսում, հայի հետ էին ամուսնանում, որ լեզուն, կենցաղն ու մշակույթը պահենք, բայց երբ աշխատում ես, հորիզոնդ բացվում է եւ հասկանում ես, որ դու պիտի Բեյրութի մասը կազմես, քո մասնիկը դնես այս քաղաքի մեջ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի գործս փոխել ու սկսեցի զբաղվել գովազդով եւ վաճառքով, իհարկե, էլի կառուցապատման ոլորտում: 7 տարի այդ գործին մնացի, 13 ինժեներ ունեի: 2005թ.-ին որոշեցի դուրս գալ Լիբանանից, ինձ օգնեց մանկությանս ընկերուհին:

Լիբանանից որ դուրս եկա, գրպանումս 500 դոլար էր ընդամենը
Պարտականություններ ունեի ընտանիքիս նկատմամբ, հայրս գրեթե չէր աշխատում, եղբայրս բանակում էր, ես պետք է տունը պահեի, փոքր եղբայրս էլ ինձ զավակի պես էր, պիտի պահեի: Ես արդեն 32 տարեկան էի, բավականին մեծ էի Եվրոպա գնալու համար: Մեկնեցի Քաթար, օդանավակայանում սկսեցի աշխատել: Այնտեղ ինժեներ էի աշխատում, 1.5 տարի աշխատել եմ այնտեղ:
Քաթարից կյանքն ինձ տարավ Աբու Դաբի, ապա Դուբայ
Քաթարից մեկնեցի Աբու Դաբի, որտեղ նավահանգիստը սկսեցինք կառուցել, նախագիծը մենք ենք արել, կարելի է ասել՝ կյանքն ինձ տարավ Աբու Դաբի: 1 տարի 8 ամիս էլ այնտեղ եմ աշխատել, փորձս կամաց-կամաց ավելանում էր, գործս էլ լավագույնս էի կատարում: Մի անգամ ինձ զանգեցին, թե աշխատանքի առաջարկ ունեն ունեն ինձ համար: Վեր կացանք ու ընկերուհիներով մեկնեցինք Դուբայ այդ աշխատանքի հետեւից: Ինձ այնտեղ ասացին, որ աշխարհի լավագույն ընկերություններից մեկն ինձ աշխատանքի է հրավիրում, գնացի, ծանոթացա ու որոշել մնալ: Բիզնես կենտրոն էինք նախագծելու:
37 տարեկանում սկսեցի ֆրանսերեն սովորել
Եղբայրս ընդունվեց Կանադայի համալսարաններից մեկը, հենց այդ ժամանակ Դուբայում աշխատանքս եղավ: Բայց 2008թ.-ին ամբողջ Դուբայում ճգնաժամ սկսվեց, մեր հաճախորդը սնանկացավ, մեկ տարվա պայմանագիրը ձգվեց մինչեւ 2.5 տարի: Աշխատում էի ֆրանսիացիների հետ, որոնք բոլոր խորհրդակցություններին ֆրանսերեն էին խոսում, ստիպված ես էլ 36-37 տարեկանում սկսեցի ֆրանսերեն սովորել:
Կյանքը Դուբայում լրիվ ուրիշ էր, շատ-շատ արագ է անցնում: 2.5 տարի մնալուց հետո կրկին Աբու Դաբի վերադարձա, նախագիծն ավարտեցինք:
.jpg)
Դուբայից Օման. ոնց որ քաղաքից գյուղ գնաս
Օմանը շատ գեղեցիկ երկիր է: Ինչ-որ ունեինք Դուբայում, տարանք Օման: Հետաքրքիր էր փորձն Օմանում, օմանցիները շատ օրիգինալ են, ընկերասեր, հյուրընկալ: Շատ են ուրախանում, որ իրենց երկրում ես աշխատում, մի նոր բան ես բերում իրենց երկիր: Երբ որ Բեյրութ էի գնում, տեղս չէի գտնում, հայ ես՝ հայ, լիբանանցի ես, լիբանանցի: Մարդ իր օրենքներին պիտի հետեւի, ուրիշ օրենքներ ես չեմ իմանում:
Էր-Ռիյադում զարմանալի է, որ չամուսնացած կին եմ ու աշխատում եմ
Էր-Ռիյադում եմ արդեն 2.5 տարի, մետրոյի նախագծման աշխատանքներ ենք անում: Կանայք այստեղ կարելի է ասել տարբեր պայմանների մեջ են, բայց պայքարում են իրենց իրավունքների համար, Սաուդյան Արաբիայի կանայք այլ տեսակի ուժ ունեն, խելացի են շատ: Կանանց 22 տոկոսը տնտեսագետներ են, իրենց համար զարմանալի է, որ ես չամուսնացած կին եմ ու աշխատում եմ:
Կինը պետք է իր ուժը ցույց տա, ոչ թե փորձի նմանվել տղամարդուն
Վիճակագրության համաձայն՝ 200 ինժեներից 3-ն են կին: Երբ նոր էի մտել այս ոլորտ, պետք է երկու անգամ ավելի աշխատեի, որ կարողանայի ներգրավվել թիմում, որովհետեւ տղամարդիկ արդեն մտել էին որպես տղամարդ: Կինը պետք է ցույց տա իր ուժը, այն, ինչ լավ է անում, ոչ թե տաղանդ փնտրի ու փորձի նմանվել տղամարդուն: Գործդ շատ պիտի սիրես, զոհողության գնաս:
Դու ես քո ընկերը, աղջկա հոգեբանության մեջ դրված է, որ տղամարդը պետք է իր մասին հոգ տանի, բայց դա լավ ֆորմուլա չէ: Այսօր կնոջ համար պայմանները հեշտացել են, պարտադիր չի, որ տղամարդը կնոջ ձեռքը բռնի ու տանի կինոթատրոն… հիմա ես ընկեր ունեմ, ուրախ եմ, մասնագիտական կարողություններս եմ զարգացնում, բայց որ տունը նստեմ, ինձնից տխուր մարդ չի լինի: Ամուսնությանը դեմ չեմ, բայց պիտի նախ քեզ վրա աշխատես:
Երեւանում հին շենքերի մեջ ավելի շատ հոգի կա
Վերջին անգամ Հայաստան էի եկել 2014թ.-ին՝ հայկական անձնագիր վերցնելու: Այս անգամ հատուկ արձակուրդ եմ վերցրել ու եկել Երեւան: Շատ կուզեի այստեղ նոր բան անել, որովհետեւ զարգացման մեծ ներուժ ունի:
Ես հին Երեւանն եմ սիրում, երբ նախորդ անգամ եկա, Հյուսիսային պողոտան նոր էր կառուցվում, հիմա արդեն մոլ էլ կա այնտեղ: Շատ երկրներում եմ եղել, բայց Երեւանը եզակի գեղեցկություն ունի, հինն ու նորը միաձուլված են: Կուզեի, որ բարձրահարկ շենքեր չլինեն, 3-4 հարկանի շենքերը մնային, ֆրանսիական ոճով շենքերն ավելի շատ լինեն: Օրինակ, Դուբայում այսքան գեղեցիկ շենքեր չկան, Երեւանում հին շենքերի մեջ ավելի հոգի կա: Պետք է գովազդել մեր մայրաքաղաքը, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան:



























