Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերությունը բաժնետիրական ընկերության է վերածվել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնական հրապարակումը, ընկերության իրավական կարգավիճակի փոփոխությունը պայմանավորված է բաժնետոմսերի (IPO) հրապարակային տեղաբաշխման մտադրությամբ:

Գործակալության տվյալներով՝ նավթային ընկերության կապիտալը կազմում է 16 միլիարդ դոլար կամ 200 միլիարդ սովորական բաժնետոմս: Ակնկալվում է, որ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամների թիվը կներառի 11 մարդ: Նրանց անունները դեռ հայտնի չեն: 2016 թվականի հունվարին Saudi Aramco-ն հայտնել էր, որ նախատեսում է բաժնետոմսերի 5 տոկոսի տեղաբաշխում, իսկ փաթեթը 2 տրիլիոն դոլար է գնահատվում:

Reuters-ը հայտնել է, որ բաժնետոմսերը կտեղաբաշխվեն Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE), սակայն նավթային ընկերության կողմից այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բաժնետոմսերի տեղաբաշխման կազմակերպիչները ֆինանսական եւ իրավական խնդիրներ ունեն: