ԱՄՆ-ն տեսականորեն կարող է վերանայել կլիմայի համաշխարհային փոփոխության դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրի մասնակիցներից թվին վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի՝ Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ Սպիտակ տանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կասեմ, որ Փարիզյան համաձայնագիրն այն ձեւով, որ կազմվել էր եւ մենք այն ստորագրել էինք, չափազանց անարդար էր Միացյալ Նահանգների նկատմամբ»,-ասել է ԱՄՆ առաջնորդը: Նրա կարծիքով՝ այս բազմակողմ համաձայնագիրը Միացյալ Նահանգներին պարտադրել էր «հսկայական տույժ-պատժամիջոցներ»՝ վնաս հասցնելով ամերիկյան բիզնեսի զարգացմանը:
Այնուամենայնիվ, Թրամփը հավաստիացրել է, որ չի հակադրվում Փարիզի համաձայնագրում հիմքում դրված գաղափարին: «Անկեղծ ասած, ես այս համաձայնագրի հետ խնդիրներ չունեմ: Ես խնդիրներ ունեմ այն համաձայնագրի հետ, որը մենք ստորագրել ենք: Քանի որ նրանք վատ գործարք էին կնքել»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:
«Մենք լրիվ կարող ենք վերադառնալ»,-ասել է Թրամը: Սակայն, նրա կարծիքով, Փարիզի համաձայնագիրը ներկայիս ձեւով համաշխարհային տնտեսական ասպարեզում ԱՄՆ-ին զրկում է մրցակցային առավելություններից: «Եվ մենք դա թույլ չենք տա»,-ավելացրել է ԱՄՆ նախագահը:
Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին նա հայտարարել էր հունիսի 1-ին: Թրամփը բազմիցս կասկածներ է հայտնել գլոբալ տաքացման հայեցակարգի գիտական վավերականության շուրջ: Նրա կարծիքով՝ մարդկային գործունեությունը կլիմայի փոփոխության հիմնական պատճառը չէ: Ըստ Թրամփի՝ Փարիզի համաձայնագրի իրականացումը ԱՄՆ-ի համար կարող է հանգեցնել մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնելուն։




























