Հարավային Ուելսի Քարդիֆ համալսարանի բրիտանացի հոգեբան Մարտին Գրաֆը Daily Telegraph թերթին պատմել է, թե ինչպիսի բացասական հետեւանքներ կարող են ունենալ ռոմանտիկ հարաբերությունների վրա սոցիալական ցանցերի միջոցով միկրոդավաճանությունները:

Միկրոդավաճանությունը բարեկամության եւ դավաճանության միջեւ «գորշ գոտին» է: Urban Dictionaries-ում այն սահմանվում է՝ «երբ որեւէ մեկը  դավաճանում է իր կողակցին, բայց միայն մի  քիչ»:

Գրաֆը բացատրել է, թե սոցիալական ցանցերում  որ գործողություններ կարելի է համարել միկրոդավաճանություն:

«Դա կարող է շատ պարզ բան լինել, օրինակ՝ Instagram-ում պարբերաբար որեւէ մեկի գրառումները հավանելը կամ մեկի Facebook-ի էջը մեկնաբանելը»,-պարզաբանել  է նա:

Այլ օրինակների թվում են նաեւ՝ նախկին  սիրեցյալի էջերը դիտելը,  սրտերի կամ ծաղիկների տեսքով  էմոջիներ ուղարկելու սովորությունը մեկին, որը ձեր կողակիցը չէ, ինչ-որ մեկի Instagram-ն անընդհատ ստուգելու անհրաժեշտությունը եւ այլ նմանատիպ գործողություններ:

«Մարդկային շփման  եւ հարաբերությունների պատմության տեսանկյունից սա լրիվ  նոր բան է»,-հայտնել է Գրաֆը: Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ավելի հաճախ են մարդիկ սկսել  օգտվել սոցիալական ցանցերից, այնքան աճել է զույգերի միջեւ վիճաբանությունները:

Գրաֆը ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերի հետ կապված մեկ այլ նրբության վրա՝ հիմա ավելի հեշտ է հետեւել կողակցի  գործողություններին, քան նախկինում: «Facebook-ի կամ Instagram-ի նման կայքերում  ներգրավելու համար հատուկ ջանքեր չեն պահանջվում»,-նշել է հոգեբանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: