Կատարն աջակցում է սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողություն սկսելուն: Այս մասին կատարյան լրատվական QANA գործակալությանն ասել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Լյուլյու ալ Խաթըրը: 

«Շաբաթ սիրիական Աֆրինում սկսված Թուրքիայի գործողությունը կապված է ազգային անվտանգության պաշտպանության եւ իր սահմանների անվտանգության ապահովման հետ՝ սահմանների խախտման եւ իր տարածք բազմաթիվ ահաբեկչական ներխուժումների պատճառով, այս պատճառով Կատարը այն սատարում է»,- նշել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ դրանից զատ, Թուրքիան այս կերպ կանխում է սիրիական տարածքի բաժանումը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ է, գործում է տարածաշրջանում կայունության եւ հավասարակշռության ապահովման համար, եւ Կատարը լիովին վստահ է, որ Թուրքիան ցանկանում է ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը եւ սիրիական տարածքի միասնությունը»,- հավելել է նա: