Ֆրանսիան Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, մեր ժողովուրդները միմյանց կապված են արդեն մի քանի հարյուրամյակ, եւ այս կապը վերջին տարիներին ավելի է ամրանում, հատկապես տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում: Այս մասին Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը Ֆրանսիայի երիտասարդ եւ դինամիկ նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեծ հույսեր է կապում 2 երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորը զարգացման հարցում:
«Ահա արդեն 25 տարի է՝ Հայաստանն ու Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, որոնք տարեցտարի խորանում են: Մեր ժողովուրդները միմյանց կապված են արդեն մի քանի հարյուրամյակ, եւ այս կապը վերջին տարիներին ավելի է ամրանում, հատկապես տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում»,- ասել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նաեւ հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է. «Ֆրանսիան Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը մեր զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարավորություններ է ստեղծել: Այս համաձայնագրի արդյունքը կդառնա Հայաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը»:




























