Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ:

Շնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ ընդգծել, որ շուրջ երեսուն տարվա պատմություն ունեցող այս կառույցի բարձր հեղինակությունը նաեւ Վենետիկի հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած Ջաննի Բուքիքիոյի արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքն է։

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ արդյունավետ համագործակցության խորաց¬ման գործում իր նշանակալի նպաստն է բերել Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի սերտ եւ գործնական երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմա¬նա¬դրական փոփոխություններից հետո` այդ փոփոխություններով նախատեսված դրույթների կյանքի կոչման, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ Հայաստանում մեկնարկած ծավալուն աշխատանքի ընթացքին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարեւոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերված մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար:

Ջաննի Բուքիքիոն վստահեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ եւս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, եւ հանձնաժողովում ուրախ կլինեն ՀՀ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում եւս օգտակար լինելու փորձագիտական աջակցության տրամադրմամբ: