Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում եւ ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիեւայի բանաձեւի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձեւակերպումները: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիեւայի «Զինված հակամարտությունների հետեւանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:

Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձեւին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլեւս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որեւէ հակահայկական ձեւակերպումների:

Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում եւ ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձեւի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձեւակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձեւի նախապատրաստման սկզբնական շրջանում»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մասնավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիեւան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղի եւ այլ շրջանների օկուպացիայի մասին եւ այլն: «Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,- ասել է նա: