Անկարան մտադիր չէ սահմանափակվել Սիրիայի Աֆրինի գործողությամբ եւ իր անվտանգության սպառնալիքների դեպքում պայքարելու է Եփրատի արեւելյան մասում գտնվող Սիրիական Մանբիջում եւ Իրաքի Սինջար եւ Քանդիլ շրջաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունները Աֆրինում «վտանգում են Սիրիայում ԱՄՆ եւ Թուրքիայի ընդհանուր խնդիրները» եւ Անկարային դեէսկալացիայի կոչ է արել:

 «Մենք Սիրիայում կլինենք այնքան ժամանակ, մինչեւ ահաբեկչությանը վերջ չտանք, մինչեւ այն չսպառվի, ապա այդ տարածքները կփոխանցենք նրանց իրական տերերին: Գործողությունը Աֆրինով սահմանափակելու կոչերը մեզ համար ուժ չունեն», - ասել է Չավուշօղլուն:

Հունվարի 20-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբի մասին: 

Դամասկոսը քննադատել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)