2010-ը կարելի է բնութագրել որպես հետճգնաժամային տարի՝ իր բոլոր հետեւանքներով։ Դեկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Նախորդ տարի իրականացվեցին ճգնաժամից բխող տնտեսական քաղաքականության քայլեր, իսկ այս տարվա հիմնական գերկայությունն է վերականգնել նախաճգնաժամային իրողությունները՝ մակրոտնտեսական ցուցանիշների եւ պետբյուջեի դեֆիցիտի բնագավառներում։ Սա տարվա ընթացքում մեզ հաջողվեց»,- ասաց Մինասյանը՝ հատկանշական համարելով նաեւ, որ նախորդ տարվա դեֆիցիտը 7,5 տոկոսից հնարավոր եղավ իջեցնել մինչեւ 6 տոկոսի։ «Եկող տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելի կիջեցվի, ինչը հիմք է տալիս ասելու որ մենք մտնում ենք տնտեսության կայուն զարգացման փուլ»,- նկատեց նա։
Անդրադառնալով պետբյուջեի հավաքագրման ցուցանիշներին՝ Մինասյանը նշեց. «Նախորդ տարվա նկատմամբ մենք ունենք շուրջ 14 տոկոսի աճ, իսկ նախաճգնաժամային տարվա նկատմամբ պետբյուջեի եկամտային մասը պահպանել է նույն վիճակը։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, պետական բյուջեով նախատեսված 1,2 տոկոսի փոխարեն մենք ունենք 2,6 տոկոսի տնտեսական աճ։ Շատ հուսադրող եւ ուրախալի է, որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերության շուրջ 10 տոկոսի աճն է եղել։ Երկրորդ հանգամանքը շինարարության ոչ մեծ՝ շուրջ 4 տոկոսի նվազումն է»,- նշեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը՝ հատկանշական համարելով նաեւ ծառայությունների ոլորտում արձանագրված 6,6 տոկոս աճը։
Ամփոփելով՝ նա նկատեց, որ «բավական խորը՝ 14,5 տոկոս անկում ունենք միայն գյուղատնտեսության ոլորտում»։ «Սա էլ պայմանավորված է գյուղատնտեսական անհաջող տարով»,- ընդգծեց նա։




























