Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին վճռականորեն դեմ է Հոլոքոստին երկրի մասնակցության մեղադրանքներին: Այս մասին երկուշաբթի նա ասել է Լեհաստանի մամուլի գործակալությանը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկրում մտցված արգելքը «լեհական մահվան ճամբարներ» ձեւակերպման օգտագործման եւ Հոլոքոստին լեհերի մասնակցության մասին այլ փաստերի տարածման համար, որոնք Լեհաստանի իշխանությունները արդարացի չեն համանրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ես ընդգծել եմ, որ լեհական պետությունը հարձակման եւ օկուպացիայի զոհն է եղել: Հոլոքոստի համար Լեհաստանի պատասխանավության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Մորավեցկին:

«Քանի որ նման ցավագին փորձ վերապրած հրեա ժողովրդի համար եւս պետք է կարեւոր լինի ճշմարտացի, այլ ոչ թե կեղծ պատմության տարածումը: Աշխարհում չկա մարդկանց պակաս, որոնք, ցավոք, այնպես են գործում, որ արժանավոր արարքները հանցագործության վերածեն»,- նշել է նա:

«Հարձակման ենթարկված տանը, որտեղ 2 ընտանիք է ապրում, որոնցից մեկին ավազակները սպանում են, չի կարելի մյուսին մեղադրել հանցակցության մեջ, քանի որ նրան նույնպես մասամբ ոչնչացրել են»,- ասել է նա:

Լեհ-իսրայելական վեճի պատճառ են դարձել Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի մասին օրենքում կատարված լրացումները, որը հունվարի 26-ին Լեհաստանի Սեյմն ընդունել է: Օրենքում արձանագրվում է, որ յուրաքանչյուրը, ով հրապարակայնորեն եւ ընդդեմ փաստերի լեհ ժողովրդին կամ պետությանը պատասխանատվություն է վերագրում մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Երրորդ ռեյխի կողմից, կամ մարդկության ու խաղաղության դեմ այլ հանցագործությունների, ինչպես նաեւ ռազմական հանցագործույունների համար, պետք է պատժվի տուգանքով կամ մինչեւ 3 տարի ազատազրկմամբ: Հիմա օրինագիծը ներկայացվել է Սենատի հաստատմանը, որի հաստատումից հետո կուղարկվի նախագահին ստորագրելու: