Թերթն անդրադարձել է մի քանի օր առաջ Կոմիտաս պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավարտով ավտովթարին, որին զոհ էին գնացել մայր ու աղջիկ՝ 50-ամյա Կարինե Գասպարյանը եւ նրա 18-ամյա դուստրը՝ Անահիտ Գասպարյանը: Հայտնի է, որ բժշկական հետազոտման արդյունքում պարզվել է, որ  վրաերթի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: Վարորդը 32-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ով աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում:

«ՀԺ» թղթակցին Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ գործով նախաքննությունը շարունակվում է, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առվելագույնը  3 տարի ժամկետով): Հատկանշական է, որ վրաերթի հեղինակն այժմ ազատության մեջ է, ինչը հարուցել է զոհվածների հարազատների դժգոհությունը: «Պետք  է 10 մարդ սպանե՞ր, որ կալանավորեին: Չնայած այդ դեպքում էլ գուցե չձերբակալեին: Եթե փաստն այն է, որ նա է եղել վրաերթի հեղինակը, ի՞նչն են հիմա ճշտում, ի՞նչ են պարզում: Ի՞նչ կապ ունի, թե փորձաքննությունները ինչ արդյունքներ ունեն: Նա երկու մարդու է կյանքից զրկել: Նա պետք է նստի»,-թերթի հետ զրույցում ասել է Անահիտ Գասպարյանի հորեղբայրը եւ ավելացրել. «Իրավապահները, չձերբակալելով երկու հոգու մահվան մեջ մեղավոր ոստիկանին, մեզ են հանցագործության դրդում: Եթե աղջկա հայրը ողջ լիներ, նա մի րոպե չէր սպասի, նա կգնար ու կսպաներ այդ մարդուն: Հասկանո՞ւմ եք, չի կարելի այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ մարդիկ թողնեն ամեն ինչ ու ինքնադատաստան անեն: Բայց այս դեպքում մեզ կարծես դրդեն դրան»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի