2010 թվականին Ճանապարհային  ոստիականության կողմից  կատարված աշխատանքները տվել են իրենց արդյունքը. 2009 թվականի համեմատությամբ այս տարի ՃՏՊ-ների արդյունքում եղել են 36-ով քիչ զոհեր, 116 պակաս վիրավորներ։ Տարեվերջի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

«2010-ի ընթացքում ՃՈ-ն արել է ամեն ինչ, ինչ որ ցանկանում էր անել։ Գրանցվել են պակաս թվով պատահարներ եւ խաատումներ, ինչպես նաեւ հետիոտնը եւ վարորդները սովորել են միմյանցից կարգապահություն պահանջել։ Ընդհանուր առմամբ, 2010 թվականին բոլոր ցուցանիշներով առաջ ենք անցել 2009-ից։ Ճիշտ է, կիրառել ենք վարչական ներգործություն, սակայն կարծում եմ, որ վարորդների եւ հետիոտների ինտելեկտը բարձրացել է եւ հետագայում  դրա կարիքն այլեւս չի զգացվի։ Բացի այդ, վերացել է խախտումներ անող վարորդների անձեռնմխելիության, անպատժելիության մթնոլորտը։ Դիտավորյալ խախտումներ անող, իրենց «լավ տղայի տեղ դնողներ» գրեթե չկան, պակասել են տեղի-անտեղի տրվող ազդանշանները։ Բացի այդ, հասել ենք նրան, որ տուգանք են վճարում մեքենայում ծխող, պատուհանից աղբ նետող վարորդները»,- ասաց Օհանյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ կարգապահական նույն նորմերը նույն խստությամբ 2011-ից կգործեն նաեւ հանրապետության շրջաններում:

Ճանապարհային ոստիկանության պետը ձեռքբերումների կողքին խոսեց նաեւ համակարգի թերացումների մասին՝ նշելով, որ հենց այդ թերություններից որոշների պատճառով համակարգից 7 աշխատակիցներ են հեռացվել։ «Բացի այդ, 2010-ին ՃՈ 37 աշխատակիցներ կարգապահական տույժի եւ տեղափոխությունների են ենթարկվել»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Մարգար Օհանյանը հույս հայտնեց, որ 2010-ի ձեռքբերումները կպահպանվեն եւ կզարգացվեն նաեւ 2011 թվականին։