Գերմանական բունդեսթագը երկարաձգել է երկրում սահմանափակ պաշտպանություն ստացած փախստականների ընտանիքների վերամիավորման արգելքը: Այս որոշման օգտին փետրվարի 1-ին  քվեարկել է 376 պատգամավոր, 248-ը դեմ է եղել, չորսը՝ ձեռնպահ: Արգելքը երկարաձգվել է այս տարվա մարտից մինչեւ օգոստոսի կեսերը, փոխանցում է DW- ն:

Սա կոմպրոմիսային տարբերակ է, որի շուրջ կոալիցիոն բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, Քրիստոնյա-սոցիալական միությունն ու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նախատեսվում է, որ հուլիսին, երբ կուսակցությունները կոալիցիա կձեւավորեն, լրացուցիչ նորմ կընդունվի: Օգոստոսից սկսած Գերմանիայում սահմանափակ պաշտպանություն ստացած փախստականների ընտանիքների վերամիավորման շրջանակներում  ամսական 1000 մարդու մուտք կթույլատրվի երկիր. խոսքը փախստականների երեխաների, ամուսինների եւ ծնողների մասին է: