Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների թեկնածու Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը Կուբայում ինքնասպան է եղել, հայտնում է Prensa Latina պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ազգային հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ մի քանի ամիս բժիշկները Կաստրոյին բուժօգնություն էին ցույց տալիս խորը դեպրեսիայի հետ կապված: Նա սկզբում հոսպիտալում էր, այնուհետեւ անցել է ամբուլատոր ռեժիմի:

Կաստրո Դիաս-Բալարտը 68 տարեկան էր: Նա Կուբայի Պետական խորհրդում գիտական հարցերով խորհրդական էր եւ Կուբայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը, զբաղվում էր ինովացիաների թեմայով:

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրո Ռուսը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին 90 տարեկանում: