Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է ուղարկել՝ պահանջելով արձագանքել Կորեական թերակղզում ԱՄՆ «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով, կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Եթե միջկորեական հարաբերությունների բարելավման եւ լարվածության թուլացման այդքան դժվարությամբ ձեռք բերված մթնոլորտը խափանվի ԱՄՆ մեքենայությունների պատճառով, որոնք սպառազինություն են տեղակայում Կորեական թերակղզում եւ կից շրջաններում միջուկային պատերազմ վարելու համար, Վաշինգթոնը երբեք չի կարողանա խուսափել դրա համար պատասխանատվությունից: ՄԱԿ-ն, բնականաբար, չպետք է լռի ԱՄՆ վտանգավոր խաղերի հարցում, որոնք տարածաշրջանում իրավիճակը լարում են եւ կարող են ամբողջ աշխարհը միջուկային աղետի մեջ ներքաշել»,- նշված է նամակում:
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգթոնը հրապարակայնորեն հայտարարում է, որ Փյոնչհանում Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցված ամերիկացի եւ հարավկորեացի զինծառայողների համատեղ զորավարժությունները կվերսկսվեն մրցումների ավարտից հետո՝ հավելելով, թե ԱՄՆ իշխանությունները կանխամտածված բոլորին մոլորության մեջ են գցում՝ պնդելով, թե միջկորեական երկխոսությունը պատժամիջոցների եւ ճնշման հետեւանքն է:
Լի Յոն Հոյի խոսքով՝ Հյուսիսային Կորեան ԱՄՆ գործողություններն անպատասխան չի թողնի, որոնք ուղղված են Փհենյանի եւ Սեուլի հարաբերությունների բարելավման ջանքերի խափանմանը:




























